Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին։
«Այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը, տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն»,- գրել է Բադասյանը։
Արդարադատության նախարարի կարծիքով՝ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար ոստիկանության գործողությունների համաչափությունը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ Տեսանյութի հետ կապված ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։ Համացանցում օգտատերի մի մասը, սակայն, կարծում է, որ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել քաղաքացու նկատմամբ։
Անդրադառնալով դեպքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր հերթին նշել է, որ իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։