Հայաստանի Հանրապետության սահմաններով չի ֆիքսվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրային որդու՝ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, անդրադառնալով իրավապահ մարմինների տեսադաշտից Խաչատրյանի անհետանալու մասին հարցին:
«Մենք նախկինում իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել, մարդու տեղաշարժի իրավունքը չենք սահմանափակել: Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»,- ասաց Մարտիրոսյանը:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե Գուրգեն Խաչատրյանը գտնվում է Ռուսաստանում:
Մայիսի 4-ին Ազգային անտագության ծառայությունը «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի՝ Գուրգեն Խաչատրյանի նկատամամբ հետախուզում էր հայտարարել։
ԱԱԾ—ն նշել էր, որ միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Ըստ ԱԱԾ—ի՝ Խաչատրյանի որդիներն ու ազգականը, նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն։ Իսկ ինքը` Գագիկ Խաչատրյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, աջակցել է այդ կազմակերպություններին։ Օգտվելով պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ։
Խաչատրյանները, ըստ ԱԱԾ—ի, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն են իրականացրել։ Գուրգեն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom—ը»։