Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով, հայտնում են Կառավարությունից:
Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող 50 տաղավարում:
Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:
Հավելենք, որ փոխվարչապետ, երկրում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար և ֆիզիկական վարժություններ անելից կամ հեծանվավարությամբ զբաղվելիս:
Նա նշեց, որ հասկանալի է, որ դիմակ կրելը հատկապես այս եղանակային պայմաններում անհարմություն է առաջացնում, սակայն դիմակը կօգնի մեծ արդյունքի հասնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:
Տիգրան Ավինյանը հավելեց, որ պարետատան նիստում գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները։ «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,- ասաց փոխվարչապետը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: