Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողական ֆինանսական ցուցանիշները ներկայցնելիս ԱԺ-ում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց նաև պետական պարտքի ծավալը։ 2019 թվականի արդյունքներով այն կազմել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։
Դրանից կառավարության պարտքը մոտ 6 միլիարդ 835 միլիոն դոլարն է։ Մնացած մասը, ըստ Ջանջուղազյանի, Կենտրոնական բանկի պարտքն է։ Կառավարության պարտքի մեջ էլ, ըստ Ջանջուղազյանի, արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 298 միլիոն դոլար։
Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, ըստ նախարարի, կազմել է 53 տոկոս, իսկ միայն կառավարության պարտքի հաշվարկման դեպքում՝ 50,6 տոկոս։
Հայաստանը, ըստ Ջանջուղազյանի, նվազ պարտքային բեռ ունեցող երկիր է և վերահսկում է իր պարտքը։ Նախարարի խոսքով՝ դա թույլ է տալիս, որ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանը նոր պարտքեր վերցնի։