ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամենևին հեշտ չէ այս եղանակային պայմաններում աշխատելիս, այն էլ ասֆալտի հետ, դիմակ կրել, բայց 1000 անգամ ավելի հեշտ է, քան հիվանդանոցում բուժում ստանալը։
«Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ…»։
Մարզպետը նաև տեղեկացրել է․
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար՝ շուրջ 700 գծամետր երկարությամբ:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 976 հազար դրամ, որի
70 տոկոսը կամ 12 միլիոն 583 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
5 միլիոն 392 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:
Շինարարական մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունը հայտնի է, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ շինարարական աշխատանքները սկսելու համար: Հիմնանորոգվելու է համայնքի «Բախչի առու» կոչվող ոռոգման ջրատարը երկաթյա կիսախողովակներով: Այն ձգվում է մոտ 1500 մետր երկարությամբ, որի մոտ 800 մետրանոց հատվածը նորոգվել է մի քանի տարի առաջ, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության միջոցներով, երկաթբետոնյա կիսախողավակներով: Այս ծրագրով ավարտական տեսքի կբերվի ոռոգման ջրատարի կառուցումը: Նախկինում այն հիմնականում հողաշեն էր, որի պատճառով ջուրը տեղ էր հասնում մեծ կորուստներով եւ ուշացումներով: Ջրատարի կառուցումից հետո 70 տնտեսության համար կբարելավվի ոռոգման ջրամատակարարումը: Արվում է հնարավորը, որպեսզի մինչեւ այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկը ջրատարը պատրաստ լինի շահագործման: