Կարգապահությունը պետք է լինի ոչ թե ուժային գործադրման արդյունք, այլ քաղաքացու՝ պետություն ունենալու կամքի արտահայտություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը մասնակցում էր հեռավար։

Վարչապետը նշեց, որ դեռ վաղ է 2020-ը տնտեսական առումով ամփոփելու համար, բայց նաև հիշեցրեց Կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ճգնաժամը որպես հնարավորություն դիտարկելու քաղաքականությունը:

«Ես կարծում եմ, որ հիմա՝ հենց այս օրերին, Հայաստանում խորը վերագնհատման պրոցես է տեղի ունենում, և այդ պրոցեսը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ: Այսօր մենք առերեսվում ենք անհատի և պետական կարգի հարաբերություններին և գալիս ենք մի հարցի՝ ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունն ու մեր պետականությունը:

Արդյոք մենք մեր պետությունն ու պետականությունը ընկալում ենք պատմության դասագրքերում ձևակերպված բռնության գործիք բանաձևո՞վ, թե՞, այնուամենայնիվ, մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, դիտարկում և ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ սա շատ կարևոր հարց է, և կորոնավիրուսի արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետություն-անհատ փոխհարաբերությունները, քանի որ հին ընկալմամբ՝ օրենք գրում են իշխողները, որ քաղաքացիներին պահեն իրենց հսկողության տակ: Վարչապետի խոսքով՝ նոր ընկալմամբ պետք է լինի, որ օրենքները ստեղծում ենք մենք բոլորս՝ որպես համակեցության արժեքների ամբողջություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ