Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսից այսօր Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել։ Նա ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը։ Ներկայումս ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։
«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք այդ նոր իրողություններին, նաև նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարևելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,— ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարարն ընդգծել է՝ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն։ Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները, ըստ նրա, միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների։