Կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվն աճում է․ Հայաստանը 29-րդ հորիզոնականում է

Կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր հատում է 6,5 միլիոնի սահմանը։ Վերջին շրջանում էլ վարակման տեմպերը աշխարհում աճում են՝ գերազանցելով օրական 120 հազարը։

Այս պայմաններում Հայաստանն իր հերթին ավելի ու ավելի մեծ թվով վարակումների մասին է հայտնում։ Հունիսի 2-ի տվյալներով՝ Հայաստանը արդեն հայտնվել է ամենաշատ օրական վարակումներ հայտնած երկրների ցանկի 29-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 27 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ