Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասշտաբային դեպքերին, որոնց լուսանկարները հրապարակել է իր էջում: Փաշինյանի խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որը կկարողանա կարգավորել այսպիսի մասշտաբայնություն ունեցող հարցը:
«Վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը և խնդրի մասշտաբը ճիշտ չներկայացնելու համար, որովհետև էն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է: Բայց աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որն ի վիճակի լինի էս մասշտաբի խնդրի առնչվել և լուծել էդ հարցը»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ մեր ոստիկանության անձնակազմը առնվազն 4-5 անգամ պետք է մեծ լինի, որ կարողանա լուծել խնդիրը:
«Առանձին վերցված կառույցը, նույնիսկ Կառավարությունը, ի վիճակի չէ լուծել այս խնդիրը, քանի որ խնդիրը մեզնից յուրաքանչյուրն իրենը չի համարում: Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, որովհետև էս տեմպը մի օրում հնարավոր չէ կանգնեցնել: Ես համոզված եմ, որ էն կանոնները որ մենք պահեինք, 95 տոկոսով պակաս ցուցանիշ կունենայինք: Այո՛, ես վարակվել եմ կորոնավիրուսով, ես միջին վիճակագրական ՀՀ քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ: Ես ընդունում եմ իմ սխալը: Եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք ու մեկ քայլ հետ անենք էս անդունդ տանող ճանապարհից»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը զգուշացրեց՝ ոստիկանությունը չպետք է թուլացնի զգոնությունը: Նա տեղեկացրեց, որ օրը երեք անգամ այս թեմայով խորհրդակցություն է անցկացնում ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, պարետի և տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարի հետ:
«Բայց չկա այնպիսի ուժային կառույց, որ էս հարցը կարողանա լուծել, եթե քաղաքացու մեջ չէ այդ ուղերձը»,- շեշտեց վարչապետն ու խնդրեց փոխել վերաբերմունքը կանոնի, օրենքի, դիմացինի անվտանգության նկատմամբ:
Ըստ Փաշինյանի՝ սա մեզ համար հնարավորություն է՝ վերջապես դառնալու օրենքի երկիր:
«Ապօրինություններն էնքան խորն են մտել մեր մեջ՝ պետք է կորոնավիրուսի հետ հանենք: Սա մեր ընդհանուր խնդիրն է, և միասին պետք է լուծենք»,- ասաց նա:
Չկա այդպիսի ուժային կառույց։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, June 3, 2020