Քրիստափոր Կոլումբոսից դեռևս 500 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում եղել են նորմանները (նորվեգացիների նախնիները՝ վիկինգները): Նրանք հմուտ ծովագնացներ էին և կաղնու փայտից շինված ամուր, թեթև նավերով դեռ այն ժամանակ ակոսում էին Ատլանտյան օվկիանոսը:
X դարի վերջին Էրիկ Ռաուդին (Շիկահեր մականունով) մի քանի ուղեկիցներով Իսլանդիայից դեպի արևմուտք նավարկելիս հայտնագործեց մի կղզի:
Չնայած կղզին սառցապատ էր, բայց հարավային ափերին կային կանաչ մարգագետիններ, որի համար էլ Շիկահերը կղզին անվանեց Գրենլանդիա (Կանաչ երկիր): Նավարկելով դեպի հարավ՝ նրանք հայտնաբերեցին քարքարոտ, ամայի մի ափ, որը ներկայիս Լաբրադոր թերակղզին է: Հայտնագործած այդ շրջաններում վիկինգները բնակություն հաստատեցին: Սակայն հետագայում նրանց հայտնագործությունները մոռացվեցին: