«Յուրի Խաչատուրովը շատ լավ գիտի հանձնաժողովը ինչ է պարզել. նա ունի հաշված ժամեր». Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարգելի՛ Քոչարյան, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը վերջինը լսեց նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Մոսկվայից:

– Այո:

– Այսպիսով՝ բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստանում լսելու շարքն ավարտվո՞ւմ է:

– Կարծում եմ՝ մեկ-երկու օրից հեռախոսազրույց կունենամ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ, ժամանակին նա հոժարակամ էր պատասխանել հանձնաժողովի հարցերին: Արցախի նախկին նախագահին ուղղվելիք հարցերը շատ չեն, բայց շատ կարևոր են պատկերն ամբողջացնելու համար:

– Այսինքն՝ ճի՞շտ նկատեցի՝ դուք արդեն եզրագծի վրա եք:

– Վաղուց ենք եզրագծի վրա, պարզապես ուզում էինք հարստացնել մեր ամբողջ ինֆորմացիոն կարողությունները, որպեսզի մեր եզրակացությունների մեջ որևէ թերացում չունենանք:

Ընդունված է կարծել, որ դիվանագետները չխոսկան են, հետաքրքիր է՝ ինչպիսի զրույց տեղի ունեցավ Է. Նալբանդյանի հետ:

– Այդպես ընդունված է ասել, բայց կա նաև մյուս տեսակետը՝ որպեսզի մոռանաս, թե ինչ հարց ես տվել, դիվանագետները շատ են խոսում: Մեր այս հանդիպման ընթացքում երկու տարբերակին էլ առնչվել ենք… Բայց հանձնաժողովը լավ է աշխատել պարոն Նալբանդյանի հետ, ինչ-որ բաներ հաջողվել է ճշտել նրանից, չասված բաներ է ասել, այդ մասին երբեք չէր հնչել: Կարող է պարոն Նալբանդյանն էլ չզգաց, որ ասաց մի բան, որը մեզ հետաքրքրում էր, այլ պարագայում կարող է և չասեր: Դրա համար էլ դրանից հետո ես ասացի, որ պարոն Խաչատուրովը պետք է օր առաջ որոշում կայացնի և կապ հաստատի հանձնաժողովի հետ և կայացնի ճիշտ որոշում. միակ ճիշտ որոշումը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը հանձնաժողովին ներակայանալն է:

աղբյուրը՝  «Առաջին լրատվական»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ