ԱԱԾ-ն գնդապետի է կալանավորել՝ 42 մլն դոլարի ձեռք բերված անպետք զենքի գործով. մանրամասներ

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում կա կալանավորված անձ:

Factor.am-ին թեմայի շուրջ որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորվածը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանն է:

Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել:

Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Վարչապետի այս հայտարարությունից հետո ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունն այս գործի մասին մինչ օրս պաշտոնապես որևէ տեղեկատվություն չեն հրապարակել։ Մեր բազմաթիվ հարցումներին ի պատասխան, այս երկու կառույցներից փոխանցել են, որ անվտանգության նկատառումներով պայմանավորված, քրգործի հետ կապված մանրամասներ չեն կարող տրամադրել: Մինչդեռ գնդապետ Վահան Ավետիսյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, կալանավորվել է դեռ փետրվարի 29-ից՝ վարչապետի հայտարարությունից 10 օր առաջ:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Factor.am-ին փոխանցեց, որ Ավետիսյանը զորացրված է: Մեզ հայտնի դարձավ, որ նա համակարգից հեռացվել է 2019 թվականի հունվարի 14-ին։

Ի դեպ, անդրադառնալով ենթադրյալ անպետք զինատեսակին, հիշեցնենք, որ դեռ մարտի 12-ին Factor TV-ին, հղում անելով Պաշտպանության նախարարության հավաստի աղբյուրներին, գրել էր, որ խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որոնք հիմնականում կիրառվում են հետախուզության մեջ: Նույն աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ զինատեսակները ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնությունում ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունից:

Քրեական գործի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Factor.am-ը դիմեց ԱԱԾ: Կառույցից փոխանցեցին, որ հարցերն ուղղենք գրավոր:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ