Իշխանությունն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական հանրաքվեն չեղարկելու նախագիծը

Խորհրդարանը շարունակում է նախորդ շաբաթ սկսված հերթական նիստը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 83 և դեմ՝ 16 պատգամավոր։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չէր մասնակցել։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է վերոնշյալ օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է կազմակերպվի առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո 24 ժամի ընթացքում։

Վարման կարգով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խորհրդարանը կողմ է քվեարկել հակասահմանադրական օրենքի, իսկ ԱԺ լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ.

«Հանրաքվեն չեղարկելու դրույթ Սահմանադրությունում չկա։ Նույն ձևով ԱԺ-ն կարող է հիմա քվեարկել և չեղարկել հունիս ամիսը, կամ նոր տարին։ Այդ իսկ պատճառով մենք հայտնեցինք հստակ քաղաքական դիրքորոշում և դեմ քվեարկեցինք։ Նույն տրամաբանությամբ եկեք հիմա չեղարկենք հունիս ամիսը»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ սպասում են օրենքի այդ նախագծին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ վարման կարգով ասաց, որ բոլոր օրենքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն։

«Այս նախագիծն այն մասին է, որ համավարակով պայմանավորված այս իրավիճակում հնարավոր չէ իրականացնել հանրաքվե և վտանգել մեր քաղաքացիների կյանքը։ Բայց և այնպես, մենք գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու ենք 2015 թվականի Սահմանադրությանը»,- տեղեկացրեց Լ. Մակունցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ