«Առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերվա ժամը 3-ը Ծաղկաձորի ճանապարհներից տուն չէինք գալիս…». ԲԿ-ի վարորդները դժգոհում են

ArmDaily.am-ն անհազանգ է ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի երկու աշխատակցից՝ Գեղամ Մկրտչյանից և Լևոն Անդրիասյանից։ Նրանք նշում են, որ մարտի 1-ից գրացված են ԲԿ-ում որպես շտապ օգնության վարորդներ, սակայն մարտի 25-ից իրենց գործուղել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ որպես վարորդ։

«Մարտի 25-ից մինչև ապրիլի 1-ը մեզ վճարեցին 50 հազար դրամ։ Մարտից հետո՝ ապրիլին վճարել են միայն 158 հազար դրամ ու վերջ, մինչ օրս այլևս ոչ մի գումար չենք ստացել։ Մինչդեռ մյուս աշխատակիցներին նաև հավելավճարներ են տրվել։

Մայիսի 18-ին էլ բոլորին վճարել են մայիս ամսվա թե՛ աշխատավարձերը, թե՛ աշխատավարձերի չափով հավելավճարները, իսկ մենք դեռ ոչ մի գումար չենք ստացել, ոչ ապրիլի հավելավճարները, ոչ էլ մայիսի աշխատավարձն ու հավելավճարները, անգամ չգիտենք, թե որքան գումար իրականում պետք է ստանանք, ոչինչ չեն ասում, մինչդեռ ամբողջ ամիս առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերվա ժամը 3-ն աշխատել ենք։

Ծաղկաձորի ճանապարհներից տուն չէինք գալիս, գիշերում էինք հյուրանոցներում, որովհետև ռիսկային խմբում էինք ու կարող էինք ընտանիքի անդամներին վարակել»,-ասաց Մկրտչյանը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ Լևոն Անդրիասյանին և Գեղամ Մկրտչյանին 2020թ.-ի մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձը վճարվել է, մայիս ամսվա աշխատավարձը դեռևս չի վճարվել, քանի որ աշխատավարձի վճարման ժամկետը դեռ չի եկել:

«Այն տեղեկությունը, որ բոլոր աշխատակիցներին աշխատավարձի չափով հավելավճարներ են վճարվել, իրականությանը չի համապատասխանում: Այդ վարորդների մասով ընկերությունում նախատեսվում է ըստ վերջիններիս կատարված աշխատանքի ծավալի և աշխատաժամանակի հաշվարկել և համապատասխան չափով հավելավճարներ վճարել: Միաժամանակ, նշեմ, որ հավելավճար վճարելը կամ պարգևատրելը գործատուի իրավունքն է, ոչ թե պարտականությունը»,-ասաց Խաչատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ