Փաշինյանի վճռական մերժումը

Lragir.am-ը գրում է.

Քաղաքական տարօրինակ նպատակ

Մենք չենք ստեղծելու արհեստական ընդդիմություններ, ընդդիմություն պետք է ստեղծի հասարակությունը, Աստանայում Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործնականում Նիկոլ Փաշինյանը մերժել է բոլոր քաղաքական ուժերին, որոնք սկսել են «պայքարը ընդդիմության» դերի համար: Բանն այն է, որ այդ պայքարը իմաստ է ստանում միայն այն դեպքում, երբ ակնկալվում է իշխանական նշանակում: Հակառակ պարագայում, եթե խոսքը «նշանակովիության» մասին չէ, քաղաքական ուժը ի բնե պետք է պայքարի իշխանություն, ոչ թե ընդդիմություն լինելու համար:

Այդ իմաստով, Փաշինյանը մերժել է «նշանակովի քաղաքականության» մտայնությունը, թերեւս լավ պատկերացնելով, որ դա ի վերջո ծուղակ է լինելու գերազանցապես իր համար, եւ այդ քաղաքականությունից շահելու են գործնականում բոլորը, իրենից բացի:

Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ Հայաստանում առաջացել է կեղծ եւ իրական ընդդիմության դիլեման, կամ ոչ թե առաջացել է, այլ դրսեւորվում է այսպես ասած նոր իրավիճակում նոր անվանումների շուրջ, որովհետեւ կեղծ եւ իրական ընդդիմության «դիլեման» Հայաստանում եղել է միշտ:

Տարբեր ժամանակներում ինչ որ քաղաքական ուժեր միմյանց մեղադրել են իրական եւ կեղծ ընդդիմություն լինելու համար: Եթե նախկինում ամենատարբեր ուժեր իրար մեղադրել են ՀՀԿ կեղծ ընդդիմությունը լինելու համար, ապա հիմա ՀՀԿ-ն է մյուսներին մեղադրում, թե լինելու են Նիկոլ Փաշինյանի կեղծ կամ արհեստական ընդդիմությունը:

Հայաստանում այդ «դիլեմայի» առկայությունը իրականում բխել է քաղաքական դատարկությունից կամ քաղաքականության բացակայությունից: Բանն այն է, որ քաղաքական ուժի համար ինքնին բնական նպատակ կարող է լինել իշխանությունը: Ընդդիմություն լինելը երբեք չի կարող լինել բնական նպատակ: Ընդդիմությունը կարող է լինել բնական նպատակին՝ իշխանությանը հասնելու միջոց: Ընդ որում, այդ միջոցները կարող են լինել տարբեր: Օրինակ, միջոց է նաեւ իշխանության հետ կոալիցիան:

Մեծ հաշվով, քաղաքական ուժը պետք է զբաղվի քաղաքականությամբ, եւ հանրության գնահատականը պետք է որոշի՝ ընդդիմություն է այդ ուժը, իշխանություն, թե ոչնչություն:

Երբ հանրությունը որոշում է, որ իբրեւ քաղաքական ուժ տվյալ սուբյեկտները ոչնչություն են, նրանց միջեւ սկսվում են արդեն փոխադարձ մեղադրանքները կեղծ ու անկեղծի, արհեստականի ու բնականի շուրջ: Դա վկայում է, որ իրենք էլ ենթագիտակցորեն ճանաչում են հանրության տված այդ գնահատականը, ճանաչում են որպես իրավացի, եւ ձգտում են պարզապես խուսափել դրանից եւ գնահատականը «բարդել» մյուսների վրա:

Այդպիսով, Հայաստանում ընդդիմության դիլեման ներկայում էլ գալիս է քաղաքական դատարկությունից: Քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնող ուժերը պարզապես չգիտեն ինչ անել հեղափոխական իրավիճակում, դրանից էլ սկսում է կռիվը՝ ես եմ իրական կամ միակ ընդդիմությունը, չէ՝ ես եմ:

Ինչ կորոշի հասարակությունը, դեռ պարզ չէ: Հասարակությունն առայժմ որոշել է, կամ որոշում է, թե ով է իշխանությունը: Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ հասարակությունը որոշել է ոչ թե ըստ աչքերի կամ մազերի գույնի, հասակի կամ հագուստի, այլ ըստ արված առաջարկի: Նիկոլ Փաշինյանն արել է առաջարկ, որը հանրությունն ընդունել ու զարգացրել է նրա առաջնորդությամբ եւ դրա հիման վրա կայացրել Փաշինյանին իշխանություն դիտարկելու որոշումը:

Ի՞նչ առաջարկ ունեն մյուս ուժերը: Առայժմ ոչ մի: Եվ խնդիրն այն է, որ նրանք առաջարկի մասին պատկերացում էլ չունեն անգամ, այլապես, նրանց մոտ իշխանություն լինելու բնական ցանկությունը պետք է խոսեր, ոչ թե ընդդիմություն «նշանակվելու» իներցիան:

Աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ