«Նախկին իշխանությունների մեջ եղել են նաև մանկապղծության համար դատվածներ»․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Լանզարոտեի՝ «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիային, հայտարարեց, թե այն ըստ էության մանկապղծության դեմ պայքարի համար է:

«Դրա 50 հոդվածներից 49-ը որևէ առնչություն չունի կրթության հետ և նախատեսված է խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին մանկապղծությունից: Հարց է առաջանում, թե ինչու նախորդ իշխանությունները 2010-ին միանալով կոնվենցիային, տասը տարի շարունակ չէին վավերացնում այն, մի պարզ պատճառով՝ իրենց շրջանակներում ունեցել են նաև մարդիկ, որոնք դատվել են դրա համար, զբաղվել են մանկապղծությամբ, որոշակի քաղաքական դրդապատճառներով չէին անդրադառնում այս հարցին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կոնվենցիայի ընդամենը մեկ հոդված է վերաբերում կրթությանը:

«Սեռական դաստիարակության հետ կապված, նոր դասագրքերի հետ կապված, նոր ծրագրերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են:

Այս հոդվածը կոչ է անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք մեր երեխաներին, որ իրենք կարողանան ճանաչել բռնությունը և կարողանան պաշտպանվել»,- պարզաբանեց նա՝ ընթերցելով հոդվածը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը մայիսի 11-ին 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրել է դեռ 2010 թվականին: ​

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ