Հայաստանում հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները հնարավորություն կունենան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պատրաստվում ենք ստեղծել հնարավորություն այն աշակերտների համար, ովքեր դուրս են մնացել հեռավար ուսուցումից։ Ամռանը նրանք տարբեր դպրոցներում կլրացնեն իրենց գիտելիքները, որպեսզի սեպտեմբերի 1-ին պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան։ Երբ աշակերտը որոշակի կուրս բաց է թողնում, ապա հետո վերադառնալը և նոր նյութեր ընկալելը դժվար է լինում»,- նշեց Հարությունյանը։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Համավարակի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում մարտի սկզբից փակ էին բոլոր ուսումնական հաստատությունները։ Դասերն իրականացվում էին հեռավար ձևաչափով։