Երեխաներն ավելի ծանր են տանում ոչ այնքան իրենց մասին գրառումների, որքան իրենց հայրիկի հասցեին բացասական բնորոշումներից: Այս մասին 1in.am-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Մենք բաց ենք, լրատվամիջոցներին շատ բան հասնում է հենց մեր միջոցով: Երբ ես տան շուրջը Շուշանին մեքենա վարել էի սովորեցնում, դե, տեսել ենք, որ հայրիկները երեխաներին վարել են սովորեցնում եւ չգիտեինք, որ չի կարելի: Ինձ տուգանեցին դրա համար եւ այդ ինֆորմացիան տարածվել է Շուշանի Ինստագրամի էջից: Ինքներս այնքան բաց ենք, որ այն ամենը, ինչ գրում են մեր մասին, չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի բան: Ես առաջին տարին հետեւում էի, իմանալու համար՝ ով է դիմացդ, ով է հակառակորդդ:
Հիմա ես ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ կարդում եւ դրա իմաստը չեմ տեսնում: Այս մեկ տարվա մեջ հասկացա, որ անիմաստ ինքնանպատակ գործողություն է: Վերջերս Ֆեյսբուքում մի ստատուս տեսա, թե՝ տեսնես ով է կանգնած դիմակների բիզնեսի հետեւում, մի քանի ժամ անց ինձ ուղարկեցին մի նյութ, որ առանց կարդալու արդեն գիտեի, որ ինձ են վերագրելու դա», ասել է Աննա Հակոբյանը:
Հասարակությունը մեզ շատ լավ է ճանաչում եւ մարդկանց հնարավոր չէ ծախել մեր մասին կեղծ ինֆորմացիա, ասել է Աննա Հակոբյանը:
«Ովքեր Ֆեյսբուքում այդ շարժը ղեկավարում են, նախկին իշխանություններից, իրենց ուզում եմ ասել՝ պինդ մնացեք: Նրանք հազար հոգով Ֆեյսբուքում մեր մասին լուրեր են տարածում, բայց 100 հազարի տպավորություն են ստեղծում: Ես հասկանում եմ, որ իրենց նկատմամբ քրեական գործեր են ընթանում, բայց դա պատճառ չէ այս աստիճանի իջնելու: Կյանքի ցանկացած իրավիճակում կարող են իրենց արժանապատիվ պահել, բայց դա արժանապատիվ պահվածք չէ: Այդ գինը, որ իրենք կարող է բանտ գնան, դա այնքան սարսափելի չէ, չարժե, որ անեն այդ բաները: Մարդիկ, որոնք առաջ ինչ էին անում ինձ տեսնելիս, հիմա շրջվում են, եւ ես ասում եմ՝ գոնե առաջվա կեսի չափ ձեզ պահեք: Այդ մարդիկ բարոյական փլատակների են վերածվել: Ես մտածում եմ իրենց ընտանիքների մասին, նրանց ամրություն եմ ցանկանում: Իսկ մեր կյանքի ոճը չի փոխվել, մենք հաճախում ենք նույն վայրերը, ուր առաջ էլ ենք գնացել: Մեր կյանքում ոչինչ չի փոխվել: Մենք գիտենք, որ մեր հայրիկը ժամանակավոր հայտնվել է այդ կարգավիճակում», ասել է Աննա Հակոբյանը: