Ինչու են ոստիկանները «ասֆալտին փռել» քաղաքացուն. պարզաբանում

Երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, որում ոստիկանները «ասֆալտին են փռում» քաղաքացուն: Իսկ քաղաքացին բղավում էր՝ «արա խի՞, ի՞նչ եմ արել»։

Այսօր ոստիկանությունը պարզաբանում է տարածել այդ տեսանյութի կապակցությամբ, որում ասվում է.

«Համացանցում տարածվել է մի տեսանյութ, ուր ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։

Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։

Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել է ոստիկանության տարածքային բաժին։

Պարզվել է, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ։

Առանց ԱՊՊԱ պայմանագրի և առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ