Հայաստանում Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն խոշորացված համայնքներն ստացան գերժամանակակից տրակտորներ:
«Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում դրանք ցուցադրեց և մանրամասներ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բազմաֆունկցիոնալ տրակտորներ ենք տրամադրում խոշորացված համայնքներին: Տեխնիկաները տրամադրվելու են 4 խոշորացված համայնքների՝ Օձուն, Շողակաթ, Արենի, Սիսիան: Երկուսը կտրամադրվեն Սիսիան համայնքին, և մեկական տեխնիկա՝ Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին»,-ասաց Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերների կողմից տրված դրամաշնորհի արդյունքում մեծ քանակությամբ տեխնիկա է տրամադրվել խոշորացված համայնքներին: 49 տրակտոր է տրամադրվել խոշորացված համայնքներին, ևս 142 կոմունալ տեխնիկա՝ այդ թվում նաև բազմաֆունկցիոնալ տրակտորներ: «Այս տեխնիկան էական փոփոխություն է մտցնում համայնքի կյանքում, քանի որ գյուղատնտեսական տեխնիկան նախ դառնում է տեխնիկատրակտորային պարկ, որը օգնում է համայնքի գյուղատնտեսական աշխատանքները կատարել, մյուս կողմից այն ծառայում է նաև համայնքապետարանի ֆինանսական միջոցները էականորեն բարձրացնելու միջոց, քանի որ դրանք նաև ծառայություն են մատուցում: Մենք ունենք այդպիսի հաջողված փորձեր»,-ասաց Պապիկյանը: