Մարդու իրավունքների եվրապական դատարանը հրապարակել է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը:
ՄԻԵԴ-ը չի պատասխանել ՍԴ առաջին երկու հարցին՝ պարզաբանելով, որ չեն կարողացել գտնել ուղիղ կապ այդ հարցերի և ընթացիկ ներքին դատավարության միջև:
Հիշեցնենք, ՍԴ առաջին երկու հարցերը հետևյալն էին.
1. որակական նույն պահանջնե՞րն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) արդյոք Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8.11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ:
2. եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում:
Երրորդ հարցն առնչվում է հետևյալին՝ կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները:
ՄԻԵԴ-ը պատասխանել է, որ այդպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տա անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։
Ի թիվս այլի՝ որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի հստակ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։
Ինչ վերաբերում է չորրորդ հարցին՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում մեղադրանքի առաջադրման վերաբերյալ, ՄԻԵԴ-ը կարծիք է հայտնել, որ գնահատականները պետք է տրվեն՝ հաշվի առնելով գործի հանգամանքների առանձնահատկությունը, ոչ թե վերացական։
Հիշեցնենք՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա) համաձայն՝ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն՝ քրեական հանցագործություն չի համարվել։ Ինչպես նաև չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։
Միաժամանակ, նույն հոդվածում ամրագրված է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն: