«Ոստիկանությունը ճանապարհը փակել է ու չի թողնում մոտենալ այգուն»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանավանի Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը:
Նա լեհ ճարտարապետ-անտառաբան, Դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչի որդին է:
Հիշեցնենք՝ երեկ Դենդրոպարկում փոշոտման օր էր. հարյուրավոր քաղաքացիներ առանց դիմակի էին, չէին պահում սոցիալական հեռավորությունը:
Դենդրոպարկի տնօրենը տեղեկացրել է, որ այգին փակելու վերաբերյալ որևէ գրություն, որոշում չի ստացել: Նրա խոսքով՝ միայն երեկ դրամարկղում գրանցված տվյալներով՝ ունեցել են երեք հազար այցելու:
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մե՞նք պետք է նայենք, որ ամեն մեկը դիմակ կրի ու ներս մտնի: Դա ոստիկանության պարտականությունն է. թող կատարեն իրենց պարտականությունը: Ոստիկաններ երեկ եղել են այգու տարածքում: Այսօր էլ ճանապարհն իրենք են փակել: Մեր կողմից Դենդրոպարկը փակ չէ, ոստիկանությունն է ճանապարհը փակել. չգիտենք՝ երբ կբացվի: Երեկ ոստիկանապետը եկավ, տեսավ, թե ինչ վիճակ է, ասացին՝ կփակենք: Մարդիկ հազարներով գալիս, մտնում էին, հատուկ օրգաններ կան, թող նրանք աշխատեն»,- ասել է նա:
Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանն էլ կայքի հետ զրույցում ասել է՝ երբեք այդքան մեքենա չէր տեսել իրենց համայնքի տարածքում:
Համայնքի ղեկավարն ասել է՝ հավատում է, որ քաղաքացիների կողմից անվտանգության կանոնները չեն պահպանվել.
«Այնքան շատ էին մեքենաները, որ օրինակ, երբ ուզում էի թեքվել դեպի Վանաձոր, այդ ճանապարհը կես ժամ սպասել եմ, որ թեքվեմ, այդքան շատ մեքենա էր գալիս»: