ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարությունում այսօրվա ճեպազրույցի ժամանակ վերահաստատեց՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված:
Նախարարը նշեց, որ իրենց կողմից ձեռնարկվող միջոցառումները պետք է շարունակաբար կարգապահորեն պահպանվեն, որպեսզի կարողանան աճի թիվը պահել նույն շրջանակում, ապա իջեցնել՝ մինչև մարում:
«Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված 17 քաղաքացի»,- նշեց Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ մոտակա ամիսներին մոտ 100 մահճակալ ինտենսիվ թերապիայում կավելանան, որոնցից 50-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ներում:
«Երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ: Չկա երաշխիք, որ որևէ վարակված անձ, նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով»,- նշեց Թորոսյանը:
Անդրադառնալով ասիմպտոմ դեպքերում տանը պոլիկլինիկաների հսկողությամբ բուժվելուն՝ նախարարը խնդրեց, որ հայտնաբերված սխալների, դժգոհությունների ու խնդիրների մասին հայտնեն նախարարությանը թեժ գծի միջոցով: