20-ամյա երիտասարդ է մահացել. նա 6 ամիս առաջ էր բանակից եկել

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Ֆուտբոլ խաղալիս 20-ամյա երիտասարդ է մահացել։ Նա Մարմաշեն խոշորացված համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ է եղել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

«Մարմաշենն ու Վահրամաբերդը հարակից գյուղեր են, մոտ 2 կմ է հեռավորությունը։ Նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, դեռ չենք էլ վերջացրել։ Ֆուտբոլի դաշտում երևի թիմերի են բաժանվել, ֆուտբոլ են խաղացել, ինչ-որ վեճ է եղել. դե որ մի ֆուտբոլ խաղալուց վիճաբանություն չի լինում։ Տեսել են, որ վատ է զգացել, վազել օգնել են, ջուր բան են բերել, տեսել են՝ էլ չի շնչում»,- նշեց Կարեն Արշակյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երիտասարդի մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն, նախնական տվյալներով՝ մարմնին հարվածի հետքեր չեն եղել, սպասում ենք դատական բժշկի վերջնական եզրակացությանը, բայց նախնական տվյալներով մարմնի վրա հարվածի կապտուկներ չկան, թևի վրա մի փոքր քերծվածք է եղել։

«Երիտասարդը 6 ամիս առաջ էր բանակից վերադարձել, շատ լավ, հանգիստ երիտասարդ էր, նույնը նաև ընտանիքը: Օրեր առաջ նրանց տանը ևս մի ցավալի դեպք է պատահել, մահացել էր նրա երիտասարդ քրոջ ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում»,-հավելեց համայնքի ղեկավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ