ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը մտահոգություն հայտնեց, որ փոքր ձեռնարկությունները չկարողանալով բանկային երաշխիքները ներկայացնել, իրենց տեղը զիջում են մեծերին.
«Դուք ժամանակին հայտարարում էիք, որ մենաշնորհներ չպիտի լինեն, փոքրն ու միջինը պիտի զարգանա, մեր այս ամբողջ խոսքը, ամբողջ հիմնավորումներն ուղղված են դրան, որպեսզի փոքրին և միջինին մենք շուկայից դուրս չմղենք: Եվ ես Ձեզ նաև կոչ եմ անում, պարոն վարչապետ ջան, նման ատկատներից և նման այլ պախարակելի բաներից խոսելիս՝ ունենալ որոշակի փաստեր, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է»,- վարչապետին դիմելով՝ ասաց Գորգիսյանը:
Պատասխանելով ԼՀԿ պատգամավորին, վարչապետը կրկնեց, որ մինչև 10 մլն գնումների համար բանկային երաշխիք չի պահանջվում, և՛ փոքր, և՛ միջին ձեռնարկությոնները կարող են առանց վարկային երաշխիքի մասնակցել մրցույթների:
«Խոսքը չի վերաբերում այն փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք կեղծիքով մրցույթներ են հաղթում և հետո այդ մրցույթների արդյունքները վաճառում մեծ ընկերություններին: Մենք այսօր պետական գումարների հետ կապված ունենք պատասխանատվություն և թույլ չենք տա անորակ շինարարություն: Չի՛ հանվելու բանկային երաշխիքը, իզուր թող Ձեր միջոցով լոբինգ չանեն ատկատիստները»,- խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: