Ներկայումս գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է ասենք 5 տարի կասեցվել, եւ եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն անհիմն էր, ով է փոխհատուցում շինարարության սեփականատիրոջ վնասները: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է, դատի է տալիս եւ դատավարությունը 5 տարի տեւում է: Այդ ընթացքում շինարարությունը կասեցվում է, վարկառուն վարկն է սպասարկում առանց եկամուտ ստանալու: Վերջում դատարանը որոշում է, որ տաղավարի սեփականատիրոջ հայցն անհիմն է: Այդ 10 մլն դոլար վարկ վերցնողի վնասը որեւէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,-հարցրեց Փաշինյանը:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվեց ու պատասխանեց. «Ոչ պարոն դատարան»: Սա առաջ բերեց բոլորի ծիծաղը:
Փոխնախարարը նշեց, որ ոչ ոք չի փոխհատուցում վնասները:
Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, որով սահմանվում է, որ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում: