Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։
Պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։