Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից և 9-ը՝ երեխա։

«Արմենպրես»ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ Նրանցից 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ը աշխատակից և 9 երեխա։ Այս պահին հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ նրանց մոտ չկան ախտանշաններ։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաներն իրենց լավ են զգում»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ երեկ չէ առաջին օրը դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37.6 աստիճան, ինչից հետո նրան անմիջապես մեկուսացրել են։

Նախարարի մամուլի խոսնակն ընդգծել է, որ այդ դայակն այժմ գտնվում է տանը, սակայն նրա թեստի պատասխանը դեռևս չկա։

«Այսինքն, վստահ չենք, ի՞նքն է վարակման աղբյուրը եղել, թե՞ ոչ։ Դայակի ջերմությունն այս պահին 37.4 է»,- ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 25-ի առավոտյան տարածքն ախտահանվել է, այս պահին էլ այնտեղ համաճարակաբաններ են աշխատում:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ