«Դաժան ու ցավոտ մահ». 47-ամյա տղամարդը դատապարտվել է շանը գնդակահարելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Վարդան Հ.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա Վարդան Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով:

Դատական պրակտիկայում այս հոդվածով քրեական գործի հարուցում ու մեղադրական դատավճռի կայացում հազվադեպ է  պատահում:

Մեղսագրված արարքը որակվում է որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք՝ կենդանու կյանքի ընդհատում հրազենով կրակելու միջոցով, որը հանգեցրել է կենդանու՝ «դաժան ու ցավոտ մահվան»:

Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի փետրվարի 22-ին, ժամը 17-ի սահմաններում Սյունիքի մարզի Արծվանիկ վարչական բնակավայրի կենտրոնական մասում Վարդան Հ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ իրեն ամրակցված «ՕՊ ՍԿՍ» մոդելի որսորդական ակոսափող հրազենից կրակելու եղանակով «ընդհատել է կենդանու՝ շան կյանքը»:

Մարտի 11-ին Վարդան Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Իսկ մարտի 23-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Վարդան Հ.-ն մեղսագրված արարքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալին մեղսագրված արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:

Դատարանը հաշվի է առել, որ Վարդան Հ.-ն առաջին անգամ է հանցավոր արարք կատարել, մեղսագրված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարքների շարքին:

Դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալի անձը, կատարած արարքի համար մեղքն ընդունելը, զղջալը, դրական բնութագիրը հաշվի առնելով՝ նրա նկատմամբ կարելի է սահմանել հոդվածի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակ՝ տուգանք:

Վարդան Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի՝ 120 հազար դրամի չափով:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է  օրինական ուժի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ