«Իմ երեխաները չե՞ն վայելելու…». Արարատի մարզում 33-ամյա կինը ծեծել է հարազատ մորը՝ տունը վաճառելու պատճառով

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է 33-ամյա կնոջ՝ Լ. Զ.-ի գործի դատական քննությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել հարազատ մոր նկատմամբ բռնություն գործադրելու, մորը ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին,  ժամը 17-ի սահմաններում Լ. Զ.-ն բնակարանային հարցով վիճաբանել է մոր՝ Ա.-ի հետ, բռունցքներով, ծաղկամանով հարվածել է մորը, ինչպես նաև վնասել է տանը եղած գույքը:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

Ամբաստանյալ կինը՝ Լ. Զ.-ն, տուժող կնոջ՝ Ա.-ի հարազատ դուստրն է:  33-ամյա Լ. Զ.-ն ամուսնացած է, երկու անչափահաս տղաների մայր: 2017 թվականին տուժող Ա.-ն Արարատի մարզի գյուղերից մեկում տուն է գնել: Դուստրը՝ Լ. Զ.-ն, ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է մոր տուն՝ համատեղ բնակության:

Լ. Զ.-ն անհաշտ է եղել ամուսնու հետ, վերջինս ընտանեկան տարաձայնությունների պատճառով 2019 թվականի սեպտեմբերին զոքանչի տանից տեղափոխվել է իր հայրական տուն: Իսկ Լ. Զ.-ն երկու երեխայի հետ մնացել է մոր տանը:

Լ. Զ.-ն երեխայից իմացել է, որ մայրը մտադրվել է վաճառել տունը: Այդ հանգամանքը պարզելու նպատակով Լ. Զ.-ն դեպքի օրը՝ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 17-ի սահմաններում,  հյուրասենյակում մոր հետ զրուցել է տունը վաճառելու հարցի շուրջ:

Մայրը հաստատել է, որ իրոք՝ մտադրություն ունի վաճառել տունը, քանի որ չի ցանկանում համատեղ, նույն հարկի տակ բնակվել, ուզում է առանձնանալ:

Լ. Զ.-ն զայրացել, վիճել է մոր հետ, վիճաբանության ընթացքում  հախճապակե ծաղկամանը նետել է մոր ուղղությամբ:

Ծաղկամանը դիպել է մոր մեջքին: Այնուհետև դուստրը ձեռքով հարվածել է մոր ուսին: Դրանից հետո գնացել է խոհանոց, ավտոնորոգման համար նախատեսված «բանալիով»՝ «կլյուչով», հարվածել ու վնասել է «Բեկո» սառնարանի դուռը,  ջարդել է ննջասենյակի դռան ապակին: Մայրը փորձել է զանգել ոստիկանություն կամ թոռանը, բայց դուստրը հարվածել է մոր ձեռքին՝ հեռախոսը նրանից վերցնելու նպատակով, ապա մորը հրել-գցել է մահճակալին ու ձեռքով հարվածներ  է հասցրել մոր ձեռքին՝ ֆիզիկական ցավ ու թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ պատճառելով:

Դատարանում ամբաստանյալ Լ. Զ.-ն մոր նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքից առաջ որդուց իմացել էր, որ մայրը ցանկանում է տունը վաճառել: Մայրը հերթափոխով է աշխատում: Առավոտյան նա տուն է եկել գիշերային հերթափոխից, քնել է:  Ժամը 17-ի սահմաններում արթնացել է: Ինքը նկատել է, որ մայրը նստել է համակարգչի առաջ ու լուրեր է կարդում: Մոտեցել ու  հարցրել է տունը վաճառելու մասին՝ նշելով, որ ախր իրենք շատ դժվարությամբ են այդ տունը ձեռք բերել, դա իր երեխաների տունն է, իրենք տունը երազանքներով են գնել, մայրն իրավունք չունի այն վաճառելու: Մայրն էլ ասել է, որ չի ցանկանում իր հետ նույն հարկի տակ ապրել, դրա համար է տունը վաճառում, որ առանձնանա: Ինքը ջղայնացել, տեղից վեր է կացել, սեղանին դրված ծաղկամանը հրել-գցել է՝ ասելով՝ եթե իր երեխաները չեն վայելելու, ուրիշ մարդ պիտի այդ տանն ապրի, ինքն ամեն ինչ կջարդի: Հնարավոր է, որ ծաղկամանը մորը չի էլ դիպել կամ միայն «հպվել է» մորը, ինքը հատուկ չի հարվածել ծաղկամանով, դիտավորյալ չի արել: Դրանից հետո զայրացած խփել է դռանը, ջարդել է դռան ապակին, վնասել է սառնարանի դուռը: Այդ ժամանակ իր որդու հեռախոսից մորը զանգ է եկել, մայրը հասցրել է ասել. «Հասի, մերդ ինձ ծեծում ա»: Ինքը բռնել է մոր ձեռքերից, փորձել է նրանից վերցնել հեռախոսը, որ նա երեխային չվախեցնի:

Հնարավոր է՝ մայրն այդ ժամանակ է կապտուկներ ստացել: Ինքը զայրացել է, որովհետև այդ տունը գնելու հարցում ինքն ու ամուսինն էլ ներդրումներ ունեին:

Դեպքից հետո, ինչպես նաև դատարանի բակում ինքը ներողություն է խնդրել մորից, պատրաստ է դատարանում նորից ներողություն խնդրել, եթե իր գործողություններով մորը ցավ է պատճառել…

Տուժող կինը հայտնել է, որ նախկինում դստեր հետ նորմալ հարաբերություններ է ունեցել: 2017 թվականին 29 հազար դոլարով՝ գումարը տարաժամկետ վճարելու պայմանով տուն են գնել Արարատի մարզում: Դուստրը ամուսնու և երկու երեխաների հետ տեղափոխվել է այդ տուն՝ իր հետ համատեղ ապրելու: 2019 թվականին փեսան մեկնել է արտագնա աշխատանքի: Սեպտեմբերին վերադարձել է, նրա ու կնոջ միջև վեճեր են եղել, փեսան  թողել-գնացել է հայրական տանն ապրելու: Նրանք ամուսնալուծվելու մասին են մտածել, ինքը չի խառնվել, չնայած՝ փեսան իրեն էլ է մեղադրել:

Ինքը չի հանդուրժել դստեր ընտանեկան վեճերը, դրա համար էլ որոշել է այդ տունը վաճառել ու առանձին ապրել աղջկանից: Դեպքի օրը ինքը համակարգչի առաջ նստած՝ լուրեր էր կարդում, դուստրը հարցրել է տունը վաճառելու մասին, ինքն էլ հաստատել է, որ ցանկանում է  վաճառել ու առանձնանալ: Դուստրը վրդովվել է, սեղանին դրված ծաղկամանը նետել է իր ուղղությամբ, ծաղկամանը դիպել է իրեն: Հետո նա մոտեցել, ձեռքով հարվածել է իր ուսին, շրջել է հեռուստացույցը, ոտքով հարվածել է հյուրասենյակի դռանը: Հետո նա գնացել է խոհանոց, «կլյուչը» վերցրել ու հարվածել է սառնարանի դռանը, կոտրել է ննջասենյակի դռան ապակին: Ինքը փորձել է զանգել ոստիկանություն կամ թոռանը: Դուստրը խփել է իր ձեռքին, որ հեռախոսը վերցնի, բայց չի կարողացել վերցնել: Նա իրեն հրել-գցել է երեխաների ննջասենյակի մահճակալին, իր ոտքը վնասվել է, իսկ դուստրը շարունակել է ձեռքով հարվածներ հասցնել իր ձեռքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ինքը պաշտպանվելու նպատակով բռնել է դստեր մազերից, հրել է նրան, հետո զանգել է ոստիկանություն:

Տուժողը պնդել է, որ բողոքում է դստեր դեմ, չի հաշտվում, ցանկանում է, որ նա կատարածի համար պատասխանատվության ենթարկվի…

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Լ. Զ.-ի խնամքին երկու անչափահաս երեխա կա՝ 11 և 5 տարեկան…

Դատարանը Լ. Զ.-ին մեղավոր է ճանաչել մորը ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և դատապարտել է տուգանքի՝ 80 հազար դրամի չափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ