«Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»․ Միքայել Մինասյան

Կային ժամանակներ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասցրել ընկերանալ Ադրբեջանի «կիրթ և կառուցողական» նախագահի հետ։ Այդ ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր փորձում Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովրդի շահերը հավասարեցնել, նա նկարագրում էր ԵԱՏՄ-ն որպես թշնամի կառույց, և ասում էր՝ Հայաստանի ԵԱՏՄ-ացումը իրականում ադրբեջանացում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, թե ժամանակները փոխվեցին, և Նիկոլ Փաշինյանը պետք է որոշեր՝ ով է ներկայացնելու Հայաստանի շահը և ով Հայաստանի քվոտայով նշանակվի ԵԱՏՄ նախարար, նշանակեց Արտակ Քամալյանին, ով երբեք չի աշխատել ՀՀ-ում, չի եղել ՀՀ քաղաքացի։

«Արտակ Քամալյանը մեծացել է, աշխատել է և իր ամբողջ հասուն կյանքի գործունեությունն անցկացրել է հայկական բիզնեսի կենտրոն դարձած ռուսական քաղաքում՝ Վորոնեժում»։

Մինասյանն ընդգծեց՝ իր արած հայտարարությունները 100 տոկոսով համապատասխանում են իրականությանը, և սպասում էր, որ ժողովրդին դրանց վերաբերյալ որևէ բացատրություն կտրվի։
«Ընտանիքը, որը մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլև մունաթ է գալիս ժողովրդի վրա»,-նշեց նա՝ ասելով, թե երբ վարչապետն ասել է, որ այլևս ոչինչ չի հերքելու, նկատի է ունեցել հետևյալը․ «Լավ եմ անում, ինչ անում եմ, թքած ունեմ ձեր կարծիքի վրա»։

Մինասյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն օրվա մեջ զբաղված է երկու գործով․ «Գործ համար մեկ՝ նա փող է աշխատում և սեփական իշխանությունն է փորձում պահել, օրվա երկրորդ կեսին զբաղված է ղեկավարելով իր ստի կայսրությունը»,-ասաց նա՝ նշելով, թե նոր պատմությունը կարող է սկսել մի անձնավորության՝ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմամբ, ով բնակվում է ԱՄՆ-ում։

«Այդ անձնավորությունը տարիներ առաջ Հայաստանից արտագաղթում է ԱՄՆ՝ իր մեջքի հետևում թողնելով մեծ պարտքեր, դատական պատմություններ, բայց փորձում է սկսել նոր կյանք, որում կա նոր իրականություն։ Իմ առաջին տեսանյութից հետո նա ֆեյսբուքյան բոցաշունչ գրառում է կատարում, որի հիմքում այն է, թե ես թալանչի եմ և խլել եմ իր արդար քրտինքով վաստակած, Կարապի լճի կողքին գտնվող սրճարանը։

Այդ ֆեյսբուքյան գրառումից հետո Նիկոլ Փաշինյանի ամբողջ բուրգը մտնում է մարտի դաշտ և սկսում են այդ ստատուսը տարածել։ Այդուհետ Մանվել Տեր-Առաքելյանը գրում է երկրորդ ստատուսը, որտեղ թեթև շտկումներ է մտցնում՝ ասելով, որ իրականում ես չեմ խլել, այլ խանգարել եմ՝ կառուցի սրճարանը»,-ներկայացրեց նա՝ ցուցադրելով 2007-ին նկարահանված տեսանյութ, որում պատմվում էր նշված շենքի կառուցման ու դրան դեմ քաղաքացիների բողոքի ակցիայի մասին։

«Ես հիշում եմ այն վրդովմունքը, որը տիրում էր Երևանում, և այն տասնյակ հազարավոր երևանցիներին, որոնք դեմ էին այդ շինարարությանը, և իմ հարյուրավոր ընկերներին ու ծանոթներին, որոնք զանգահարում էին ինձ և ասում, որ ես անձամբ ամեն ինչ պետք է անեմ, որովհետև ովքեր են շինարարություն թույլ տվողները։ Բայց Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այս առիթը և սկսում է մի հիստերիկ արշավ իմ դեմ։ Այնտեղ չի եղել սրճարան, և այդ հիստերիան առոչինչ է, հիմքում բացարձակ անհեթեթություն է, Նիկոլ Փաշինյանի ամբողջ կայսրությունն աշխատում է մի փոսի վրա»,-ասաց նա։

Մինասյանը նշեց, թե այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և հրահանգել հարուցել քրեական գործ։

«Քրեական գործի նախապատրաստման առաջին փուլում քննիչը հրավիրում է Մանվել Տեր-Առաքելյանի որդուն, բայց վերջինս հրաժարվում է ցուցմունք տալ իմ դեմ, ասում է, որ այդ ամբողջ պատմությունն անհեթեթություն է, և եթե ինչ-որ մեկը մեղավոր է, ապա՝ իր հայրը, բայց ՀՔԾ-ին դա չի խանգարում՝ գործը միանգամից հարուցում են անանուն՝ նշելով, թե բարձրաստիճան պաշտոնյան խլել է սրճարան՝ վնաս պատճառելով գործարարին ավելի քան 1.5 միլիարդ դրամով»,-ասաց Մինասյնաը։

Նրա խոսքով՝ ՀՔԾ հաղորդագրության տարածումից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ», Ալեն Սիմոնյանին պատկանող Araratnews, Հանրային հեռուստաընկերություն, «Ազատություն» կայքերում հայտնվում է իր ու Մանվել Տեր-Առաքելյանի  լուսանկարով հրապարակումը, որն արագորեն տարածվում է։

«Երբ ինձ հարցնում են՝ ոնց եղավ, որ մարդիկ մտածում են՝ եղել են միլիարդավոր չարաշահումներ, ինձ դժվար է պատմել, որովհետև միշտ վերջում ես հասկանում եմ, որ մարդիկ իրականում մոռացել են սկիզբը, վերջում մնում են միլիարդները, թալանը, այդ բոլոր ստերեոտիպերը։ Իրականում Նիկոլ Փաշինյանն ընկել է իր իսկ փորած փոսը, որովհետև մարդիկ, որոնք անկեղծ հավատացել են, որ եղել են միլիարդավոր չարաշահումներ, Նիկոլ Փաշինյանից պահանջում են այդ միլիարդների վերադարձը։ Չի վերադարձնելու, որովհետև իրեն այս պատմությունն ուրիշ բանի համար է պետք, որպեսզի ժողովորուդն իրեն կորցնի իրականության մեջ»,-հայտարարեց նա։

Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան

Posted by Mikayel Minasyan on Saturday, May 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ