ՌԴ-ում կրկին մեծացել է կորոնավիրուսով վարակվողների թիվը

Օրական կտրվածքով նոր վարակումների թիվը Ռուսաստանում կրկին աճել է՝ հասնելով 9434-ի։ Սա հետևել է օրերով շարունակվող նվազման միտումին։ Նախորդ օրը աճը կազմել էր 2,8 տոկոս, այսօր՝ 2,9 տոկոս։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Ընդհանուր առմամբ՝ վարակվածների գումարային թիվը Ռուսաստանում անցել է 335 հազարից։ Այս մարդկանցից գրեթե 108 հազարն արդեն ապաքինվել է վարակվելուց հետո։ Մահացածների ընդհանուր թիվը 3388 է։ Ընդ որում՝ նախորդ օրվա 150 մահվան դեպքերից հետո այսօր որոշակի նվազում կա․ մահվան 139 դեպք է գրանցվել։

Նշենք, որ Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր կենտրոններից մեկն է։ Այն վարակվածների թվով զիջում է միայն Միացյալ Նահանգներին։ Սակայն տարածման տեմպը այստեղ որոշակիորեն նվազել է։ Եվ, հաշվի առնելով Բրազիլիայում վարակման տեմպերը, հավանական է, որ այդ երկիրը այսօր առաջ կանցնի Ռուսաստանից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։

Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսային վարակ ունեցող պացինետների՝ այլ պատճառներով մահվան 32 դեպք՝ նախորդ օրվա ցուցանիշից 4-ով ավելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ