Քրեակատարողական ծառայության աշխատակիցները «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում են:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասնեց, որ ցանկանում են նրան տեղափոխել, չնայած որ վերջինս գտնվում է բուժման մեջ. «ՔԿԾ ծառայողներն այստեղ են Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկի ուղեկցությամբ, եկել են այն տրամադրվածությամբ, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն այն դեպքում, երբ նա հիվանդանոցից դուրս գրված չէր, և տեսնելով, որ, մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք, ժամերի ընթացքում պարզվեց, որ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշում, որի հիման վրա էլ հիվանդանոցը ստիպված նրան դուրս գրելու որոշում կայացրեց»:
Ըստ աղբյուրի՝ պաշտպանը չգիտի, թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենը, որոշումը իրենց դեռ չի տրամադրվել. «Բայց փաստ է, որ բուժող բժիշկն է որոշում՝ բուժման կարիք կա՞, թե՞՝ ոչ, ու հանկարծ պարզվում է, որ կենտրոնը որոշում է կայացրել, որ պիտի տեղափոխվի առանց դուրսգրման»:
Հարցին՝ հնարավո՞ր է Խաչատրյանը նոր հետազոտություն է անցել, նոր տվյալներ են ձեռք բերվել, որոնց հիման վրա է նման որոշում կայացվել, պաշտպանը պատասխանեց. «Ո՛չ, կա բժշկական համապատասխան կոնսիլիում, որ նա ունի վիրահատության կարիք, ավելի բացասական դինամիկա է, քան նախկինում, նույնիսկ քայլքի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի մասին բժիշկներն էին ժամանակին ահազանգում՝ ասելով, որ եթե վիրահատության չենթարկվի, խնդիրներ կառաջանան, բայց քանի որ ՀՀ-ում այդ վիրահատությունը հնարավոր չէ, իսկ պետությունն էլ թույլ չի տալիս մեկնել, բժիշկները արձանագրել են, որ մինչև վիրահատական միջամտությունը նա ունի թերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք, որն էլ համապատասխան բժշկի հսկողությամբ իրականացվում էր»:
Ըստ պաշտպանի՝ բավարար չէ, որ վիրահատության թույլտվություն չի տրվում, հիմա էլ զրկվում է համապատասխան բժշկական կենտրոնի մասնագետների միջոցով գոնե թերապեւտիկ բուժումը ստանալու հնարավորությունից. «Արդեն ահազանգել ենք ՄԻՊ-ին, բայց չեմ կարծում, որ կարող են այս պահին հրատապ ինչ-որ գործողություն անել, կարծում եմ՝ ընթացք կտրվի, եւ մենք համապատասխան հիմնավորումներ կներկայացնենք, նաև հետամուտ կլինենք՝ պարզելու, թե ինչի հիման վրա են նման որոշում կայացրել, ովքեր են դրա պատասխանատուները, և այդ գործողությունների ոչ իրավաչափ լինելը նաև այլ միջոցներով կվիճարկենք»:
Ըստ Երեմ Սարգսյանի՝ նման իրավիճակում իրենք մի նախկինում էլ են եղել, երբ հունվարի 22-ին Գագիկ Խաչատրյանը դարձյալ հետազոտություններ են անցել, եւ պարզվել էր, որ նա բուժման կարիք ունի, դարձյալ եկել եւ առանց հիմնավորման նրան տեղափոխել էին ՔԿՀ. «Այդ ժամանակ մենք բարձրաձայնեցինք, բողոք-դիմումներ գրեցինք նաեւ ՄԻՊ-ին, որոնց հիման վրա հասկացան, որ անօրինական գործողություններ են արել, եւ Գագիկ Խաչատրյանը փետրվարի 6-ին տեղափոխվեց հիվանդանոց»:
Պաշտպանը նաև նշել է, որ ժամանակին բազում դիմումներով խնդրել են, որ հայտնեն, թե ինչի հիման վրա էր նման որոշում կայացվել, սակայն պատասխան այդպես էլ չստացան:
«Ակնհայտ էր, որ խուսափողական մոտեցում էր, որովհետեւ որևէ մեկը պատասխաանտվություն չէր վերցնում, ընդ որում, Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ անձը իրավունք ունի իր միջոցների հաշվին բուժումը ստանալ իր նախընտրած բժշկի մոտ»,-ասաց պաշտպանը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Գագիկ Խաչատրյանը նախկինում պահվում էր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ըստ պաշտպանի՝ ենթադրվում է, որ նրան հենց այնտեղ էլ կտեղափոխեն: