Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում, ֆանտաստիկ ելույթով ու երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն` միաժամանակ հրում վարժությունում ու երկամարտում սահմանելով աշխարհի նոր ռեկորդ:
Աշխարհի չեմպիոնի կոչումը հայ ծանրորդներից վերջին անգամ 2010 թվականին նվաճել էր Տիգրան Մարտիրոսյանը: Ութ տարվա ընդմիջումից հետո մենք ունեցանք աշխարհի նոր չեմպիոն ծանրամարտում:
Աշխաբադ մեկնելուց առաջ Սիմոն Մարտիրոսյանը Լեհաստանի Զամոսկ քաղաքում նվաճեց մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 420 կգ (190+230) արդյունքով: Հայ երիտասարդ ծանրորդը «մեծերի» մրցումներում առաջին անգամ չէ, որ մրցահարթակ է դուրս գալիս ու հասնում մեծ նվաճումների: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն այս մրցումներում էլ հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր: