ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Մայիսի 22-ին է ծնվել մեծագույն հայ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Միայն այն փաստը, որ ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկը «Ազնավուր» է կոչվում, բավարար է հասկանալու համար այն մեծ հիացմունքը, գնահատանքն ու արժևորումը, որ Զինված ուժերը՝ որպես հավաքական կերպար, տածում է մեծ շանսոնյեի նկատմամբ:
Ազնավուրը մարդ-պատմություն էր, որ «իրենով արեց» աշխարհն ու կարողացավ իր անձով Հայաստանը՝ իր պատմական հայրենիքը, ներկայանալի դարձնել միլիոնավոր մարդկանց: Նրա դրսևորումները հանճարեղ էին՝ թե´ որպես երգիչ ու բանաստեղծ, թե´ որպես մարդ ու հայ: Զենքը ձեռքին սահմանին կանգնած զինվորը մեզանում անգնահատելի արժեք է. Ազնավուրն էլ մի աննկուն ու անվրեպ զինվոր էր քաղաքակրթությունների և պատմության խաչմերուկում, ով ցանկացած վատ, բարդ իրավիճակում գործեց ի շահ իր հայրենի երկրի:
Ու թեև արդեն երկրորդ տարին է՝ անձամբ չենք կարող նրան շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, բայց նա այն հազվագյուտ երևույթներից է, ում ծննդյան փաստը միայն համազգային տոն է, և վստահաբար կարող ենք ասել՝ շնորհավոր, հայ ժողովուրդ, որ Ազնավուր ես ծնել»,- ասված է ուղերձում: