Արդեն երկու ամիս է` կորոնավիրուսով պայմանավորված թատրոնները փակել են իրենց դռները հանդիսատեսի առաջ: Դերասանները բեմ դուրս չեն գալիս, փորձեր, նոր ներկայացումներ բեմադրելու հնարավորություններ չունեն: Թատրոններում Կորոնավիրուսի առաջացրած խնդիրների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ ներկայացումների փորձերը կարող են սկսել, սակայն պարետի ցուցումներին համապատասխան, այսինքն` չորս-հինգ հոգով` որոշակի հեռավորություն պապանելով միմյանցից:
«Նոր ներկայացումների փորձեր պետք է կամաց-կամաց արվեն…պետք է մարզումներ անենք, որպեսզի դերասանները նորից վերադառնան իրենց նախկին ֆորմային: Հետագայում, եթե Աստված հաջողի, այնպես ստացվի, որ հնարավորություն ունենանք ավելի մեծ խմբերով աշխատել, եթե իհարկե թեթեւանա վիճակը, ուրեմն նորից ներկայացումների վերականգման փորձեր պետք է սկսվեն, որովհետեւ բավականին երկար ժամանակ չեն խաղացել, եւ եթե Աստված հաջողի, միգուցե կամաց-կամաց նաեւ սկսենք ներկայացումներով հանդես գալ:
Կարծում եմ` պարտադիր չէ լրիվ դահլիճի տոմսերը վաճառենք, կարծում եմ, որ հնարավոր է տարածությունների վրա նստել, ավելի քիչ տոմս վաճառել, որպեսզի մարդիկ հեռու-հեռու նստեն միմյանցից, նրանք ովքեր միասին չեն, կամ մի ընտանիքի անդամ չեն, որպեսզի մարդիկ սկսեն կամաց-կամաց հաճախել թատրոն, որովհետեւ այս կորոնավիրուսով պայմանավորված շատ ներքին հոգեբանական, ենթագիտակցական շերտեր են մարդկանց մոտ փոխվում, եւ նրանք էլ պետք է կարողանան հոգեբանորեն վերադառնալ այն կարգավիճակին, որ պետք է ունենա ազատ մարդը ազատ երկրում եւ 21-րդ դարում»,-ընդգծում է Արմեն Էլբակյանը:
Արմեն Էլբակյանը մեզ հետ զրույցում նշում է, որ դեռ չի հասկանում` արդյոք պետք էր արտակարգ դրության ռեժիմում սահմանափակումների թուլացումը, թե ոչ:
«Եթե այդ որոշումը սխալ էր, բժիշկները, մասնագետները պետք է բարձրացնեն իրենց ձայնն ու առաջարկներ անեն: Վստահաբար միայն մի բան կարող եմ ասել, որ տանը նստելն էլ կարող է բարդությունների առաջ կանգնեցնի: Մարդը չի կարող անընդհատ ներհայեցողական վիճակով ապրել, հիմա մենք ընդամենը Վրաստանի օրինակն ունենք, որը գուցեեւ ավելի շուտ են կանխագուշակել, թե ի՞նչ պետք է անել կամ կարողացել են ավելի հստակ կանոնները պահել, բայց միակողմանի ոչ մեկին չեմ կարող հիմա մեղադրել, քանի որ մեղադրելուց առաջ ամեն մեկն ինքն իրեն պետք է մեղադրի այն պատճառով` թե արդյո՞ք մենք բոլորս պահպանում ենք հիգենայի կանոնները կամ այն կանոնները , որոնք որ անհրաժեշտ էին:
Առանց դիմակի եւ ձեռնոցի փողոցներում քայլում էին, ազատ շփման մեջ էին, ֆեյսբուքում լուսանկարներ են գցում 10-15 հոգով քեֆ անելիս: Ի վերջո պետք է վարակը տարածվեր, Կառավարությունը կարո՞ղ էր դրա դեմն առնել, դրա դեմը կարող է միայն առնել մարդու ներքին պատրաստակամությունը եւ ուշադրությունն առաջինն իր անձի, հետո իր մերձավորի նկատմամբ, դրա համար չեմ կարծում , որ մեղադրելով, հանցանք որոնելով մենք որեւէ նպատակի կհասնենք: Կարծում եմ, որ պետք է հավաքվենք եւ ազգովի դիմակայենք այս վիրուսին, եւ ավելի լուրջ պետք է վերաբերվենք այս հիվանդությանը»,-նկատում է դերասանը:
Եվ մեր զրույցի վերջում Գ.Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի անվանափոխման շուրջ բարձրացած աղմուկին, որը դերասանի կարծիքվ ընդունելի երեւույթ չէ.
«Ես արդեն Հանրային խորհրդում էլ եմ ասել, որ Շառլ Ազնավուրին շատ սիրում եմ, իմ սիրլեի շանսոնյեն է, հիանում եմ իրենքվ, առիթներ եմ ունեցել, տարբեր ֆիլմերում նրա ձայնով խոսել, շատ մեծ դերասան էր, եւ շատ մեծ գործ արեց մեր ազգի համար, բայց չեմ կարծում, որ պետք է փոխենք «Զվարթնոցի» անունը: Խիստ մտահոգված եմ ու ներքին անհանգստություն ունեմ, որ դրա մեջ ինչ-որ գավառական բան կա: Նրա անունով եւ հրապարակ կարող է լինել, եւ համերգային սրահ, մեծարելու տարբեր ձեւեր կան, բայց չեմ կարծում, որ նրա անունով պետք է կոչվի մեր օդանավակայանը: Ես ինչ-որ մի գավառական բան եմ տեսնում դրա մեջ, իսկ ինչո՞ւ ոչ Վիլյամ Սարոյանի անունով չեն ուզում կոչել, եթե նրա տղան դիմեր: Կարծում եմ, որ սխալված կլինենք, համենայնդեպս, ես դեմ եմ»: