Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով կառուցվող սպանդանոցների կառուցմանը, ասաց, թե գործընթացը որոշակի դանդաղում է: Ըստ նրա, այս ամենը կապված է կորոնավիրուսի ազդեցության, քաղաքացիների շարժունակության, սահմանափակումների հետ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ միայն մեկ խնդիր է մնացել, կապված օրենսդրական կարգավորումների հետ: Գրիգորյանը պարզաբանեց՝ խնդիրն առնչվում է գյուղատնտեսական նշանակության հողերի վրա սպանդանոց կառուցելու հարցում չարաշահումներին:
«Պետք է սահմանվի հստակ ստանդարտ, թե մենք որ դեպքում ենք թույլատրում, որ գյուղնշանակության հողի վրա կառուցվի գյուղատնտեսական նշանակության սպանդանոց, որ այդ սպանդանոցի անվան տակ գյուղնշանակության հողերը չզավթվեն: Կարծում եմ՝ մնացած բոլոր խնդիրները կարգավորված են,և խանգարող բան չկա այդ իմաստով»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով,- «: Ուղղակի այդպիսի դեպք է եղել, որ գյուղնշանակության հողի վրա սպանդանոցը 70 քառակուսի պահանջվողի փոխարեն միանգամից կողքի ասֆալտապատումով դարձել է գյուղնշանակության հողի ավիրում»:
Կադաստրի կոմիտեի ղեկավարն էլ ներկայացրեց, որ կառուցվում են գյուղարտադրական հողերի վրա, քանի որ սպանդանոցները դասվեցին գյուղարտադրական շինությունների շարքը: Ասաց, որ սահմանաչափ չկա դրված, թե գյուղարտադրական շինություն կառուցելիս հողի ո՞ր մասը հնարավոր կլինի դարձնել գյուղարտադրական: Նշեց, որ սահմանփակում մտցնելով ամեն ինչ կկանոնակարգվի:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ ղեկավար Արթուր Ասոյանն էլ ներկայացրեց, որ այսօր կան 44 գործող սպանդանոցներ, որից 19-ը ծառայություն են մատուցում:
«Կառուցման փուլում են ևս 82-ը, որոնց նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործել: Մնացածը կգործեն, նախնական տվայլներով՝ մինչև տարվա վերջ: Ընդհանուր գնահատմամբ՝ հանրապետությունում կա 70-80 սպանդանոցի պահանջարկ»: