Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված հաշվին մինչ այժմ փոխանցվել է 1 մլրդ 98 մլն դրամ, ևս 2 մլրդ 15 մլն դրամ ստացել են պետական բյուջեից: Ասաց, որ ևս 1 միլիարդ 420 միլիոն էլ շուտով կստանան պետական բյուջեից:
«Փաստացի ծախսն այս պահին, որ դուրս է եկել այդ հաշվեհամարից, կազմել է ընդամենը 2.4 մլրդ դրամ: Ես սա համարում եմ շատ փոքր թիվ՝ նման լայնածավալ միջոցառման համար: Տարբեր գնահատականներով՝ մեր երկրին այս գործողությունների համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտ 300 մլն դոլար»,- ասաց նախարարը:
Առողջապահության նախարարը, անդրադառնալով կարանտինային գոտում աշխատող բժիշկների վարձատրությանը, ասաց, որ բոլոր բժիշկների հետ կնքվում են աշխատավարձերի վերաբերյալ պայմանագրեր, իսկ դրանից զատ էլ լինում են նաև պարգևավճարներ:
Հակադարձելով լուրերին, թե կարանտինային գոտում աշխատող բժիշկները մյուսներից ավելի բարձր են վարձատրվում, Թորոսյանը նշեց, թե միգուցե որոշ մարդկանց պատկերացումներում չտեղավորվեն դրանք, բայց դրանք ավելի քան պատշաճ են նրանց կատարած աշխատանքի համար:
«Կներեք՝ ցածր աշխատավարձի մասին լուրե՞ր պիտի շրջանառվեին։ Բա մարդիկ իրենց առողջությունն ու կյանքը դրել են զոհասեղանին ու 24 ժամ աշխատում են»,- ընդգծեց Թորոսյանը: