ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր հարց ուղղվեց՝ որքա՞ն ժամանակ է պարտադիր լինելու դիմակների կրումը: Նախարարը նշեց՝ դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառում, որն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար:
«Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1-2 տարի, դա չի նշանակում, որ դիմակը պետք է կրել այնպես, ինչպես որևէ մեկի մտքով կանցնի` սկսած դիմակները հանելուց: Մենք այդ սովորույթը պետք է ձևավորենք այնպես, ինչպես ատամները լվալու մշակույթը: Կլինեն մարդիկ, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող կրել, նրանք պետք է բժշկական հսկողության տակ լինեն, ոչ թե աշխատավայրերում»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ առաջնահերթություն է մնում շփումների շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման ռեժիմի տակ դնելը: