Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին մտահոգություններով: Մեր գործերը լավ չեն՝ ասաց վարչապետը և հայտնեց, որ արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 335 նոր և ընդհանուր 70 մահվան դեպք:
Վարչապետը նաև նշեց, որ հանրության շրջանում տարածված տեսակետ կա, թե Կառավարությունը մարդկանց գումար է տալիս, որ մարդիկ համաձայնեն դառնալ պացիենտ՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար:
«Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել, և մեր Կառավարությունը որևէ մանիպուլյատիվ ինֆորմացիա հանրությանը չի հայտնել: Իրավիճակը ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել կամ պատկերացնում ենք, և մենք պետք է խստագույն միջոցառումներ ձեռնարկենք համավարակը հսկողության տակ առնելու համար, որ ստիպված չլինենք գնալ նորից ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով,- «Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է. մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարետատունը անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի, և ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության:
«Ես երեկ նկատեցի, որ տաքսիներում ոչ հաճախորդները և ոչ էլ վարորդները դիմակ չեն կրում»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ պարետատունը դիմակ կրելու պարտադիր պահանջ է դրել հանրային տրանսպորտում:
Միաժամանակ, վարչապետը կոչ արեց ստահոդ տեղեկություններ չտարածել: