Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Նախարարի խոսքով՝ հարցը կարևոր է, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ընդունելության այս տարվա կարգն ամբողջովին փոխվել և հարմարեցվել ներկայից պայմաններին:
«Որոշում է կայացվել, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ընդունելությունը կլինի մեկ քննությամբ: Մեկ քննությունը սահմանել ենք 3 կամ 2 պարտադիր առարկաներից մեկը, որը պարտադիր էր ընդունելության համար, իսկ կամընտրական առարկաներից թողել ենք, որ դիմորդն ինքը դրանցից ընտրի: Եվս մեկ փոփոխություն, որ իրականացրել ենք, առաջին հայտի կարևորությունն է: Մենք սրանով խրախուսել ենք, որ դիմորդները մեծ կարևորություն տան մասնագիտական ընտրությանը, և առաջին հայտը մրցույթի ընտրության ժամանակ լինի գերակա»,- տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը:
Մեկ այլ նորարարություն է նաև հայտերի ընդունման գործընթացի թվայնացումն ամբողջությամբ՝ նշեց նախարարը: Այն կմեկնարկի մայիսի 25-ին և կավարտվի հունիսի 25-ին: Քննություններն էլ կանցկացվեն հուլիսի առաջին տասնօրյակում:
«Մենք էս հարցում սերտ համագործակցել ենք պաշտպանության նախարարության հետ, որ զորահավաքի գործընթացի հետ կապված որևէ ժամկետ չխախտենք»,- ընդգծեց Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ նկատի ունենալով նախորդ տարիների համեմատ ընդունելության հեշտացված գործընթացը, կորոնավիրուսի շուրջ այնքան դրական իրավիճակներ են ստեղծվել, շատերը գոհ պետք է մնան:
«Հիմա դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»,- կատակեց վարչապետը: