«Հայկական ժամանակ»-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից տեղեկացել է, որ կառավարության շենքի դիմաց մի քանի ժամ առաջ անցկացված բողոքի ցույցի մասնակիցներից 6-ը տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:
Տուգանքը սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ:
Բերման ենթարկված 6 անձանց թվում են դերասան Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Միրզոյանը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին: Բողոքի ցույցի մասնակիցները ռեստորանային ոլորտի, արվեստի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ էին, որոնք պահանջում էին թույլատրել իրենց աշխատել: