Պետական վիճակագրության վերջին տվյալներով Հայաստանում բնակվում է 465 հազարից ավելի թոշակառու, որից 462-ն աշխատանքային կենսաթոշակառու է, 1811 տարեց ստանում է զինծառայության հետ կապված կենսաթոշակ, իսկ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողների թիվը 682 է։ Հայաստանում միջին կենսաթոշակը մոտ 45 հազար դրամ է։
Կենսաթոշակառուների միայն 20 տոկոսն է, որ ստանում է 55 հազարից ավելի թոշակ, մյուսների տարիքային նպաստի չափը տատանվում է 30-45 հազար դրամի սահմաններում։ Ակնհայտ է, որ այդ գումարը շատ դեպքերում բավարար չէ տարեց բնակչության առաջնային կենսական պահանջները բավարարելու համար։ Պատահական չէ, որ 80 հազարից ավելի թոշակառուներ նաեւ աշխատում են։
Հատկապես ծանր է այն տարեցների վիճակը, ովքեր չունեն խնամող զավակներ եւ միայնակ են ապրում։ Առավել խոցելի խմբում են այն թոշակառուները, որոնք ոչ միայն միայնակ են, այլեւ չունեն սեփական բնակարան եւ բնակվում են հանրապետության սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում։ Չնայած վերջիններս չեն վճարում բնակարանի վարձերը, բայց թոշակը բավարարում է միայն սննդի եւ առաջնային պահանջմունքի բավարարման համար։ Կոմունալ վճարները, որոնք պայմանագրով պարտավոր են վճարել, լուրջ բեռ են վերոհիշյալ կացարաններում բնակվող տարեցների համար։ Թոշակառուների այս խմբի կեցության խնդիրները կանոնակարգելու համար պետությունն ընդունել է եւ գործում է առանձին օրենք։
Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է 250-ից ավելի անձ, որոնցից 74-ը միայնակ է։ Վերջիններիս կոմունալ վճարների փոխհատուցման նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, անկանխիկ եղանակով վճարման համար հաշվի բացման, սպասարկման օրինակելի պայմանագրի ձեւը եւ գումարի չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է հանրային քննարկման։
Վերոհիշյալ 74 միայնակ թոշակառուն բնակվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված բազմաբնակարան շենքերում, այդ թվում նաեւ «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամ սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հատուկ խմբին դասվող որոշակի կատեգորիաների անձանց կացարաններում եւ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրած եւ Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող բազմաբնակարան շենքերում։
Տարիների դիտարկումները փաստում են, որ ստացած թոշակը կացարանների տարեց բնակիչներին չի բավարարում ապրելու եւ կոմունալ վճարները մուծելու համար։ Այդ պատճառով հաճախ խնդիրներ են առաջանում սոցիալական տների ղեկավարների հԵտ։ Հատկապես հարցը սրվում է ձմռան ամիսներին, երբ թոշակառուները ստիպված են լինում լուծել նաեւ ջեռուցման հարցերը։
Սոցիալական այս խոցելի խմբին ցուցաբերվող աջակցության շրջանակներում կառավարությունը վերոհիշյալ որոշմամբ կկարգավորի անկանխիկ եղանակով փոխհատուցում տրամադրելու գործընթացը։ Կվճարվեն նրանց օգտագործած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները։ Այդ աջակցությունը չի լինելու միանվագ, այլ տրամադրվելու է ամեն տարի, եւ յուրաքանչյուր տարվա համար կառավարությունն առանձին որոշմամբ է հաստատելու փոխհատուցման չափը՝ հաշվի առնելով ծառայությունների սակագների փոփոխությունները։
Աջակցության չափը որոշելու համար գործադիրը վերլուծել է վերջին երկու տարվա ընթացքում կոմունալ ծառայությունների համար 74 թոշակառուի վճարած գումարների միջին թվաբանական արժեքները։ Ըստ հաշվարկների, մեկ թոշակառուի կոմունալ վճարներն ամսական միջինը 12 հազար դրամ են, որը տարեկան կազմում է 144 հազար դրամ։ 74 թոշակառուի համար գործադիրն այս տարի կհատկացնի 10 մլն 656 հազար դրամ։
Չնայած այս որոշումն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա կեսերին, բայց նախագծով սահմանված է, որ այն պետք է տարածվի 2020 թ. հունվարի 1—ից հետո ծագած հարաբերությունների համար։
Աջակցությունը թոշակառուներին տրամադրվելու է անկանխիկ, վերջիններիս անունով բացված բանկային հաշիվների միջոցով։ Այդ գործողությունը կացարանների բնակիչների համար անելու է պետությունը՝ բանկերի հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով։ Շահառու հանդիսացող թոշակառուն աջակցությունից օգտվելու համար պետք է գրավոր դիմի սոցիալական աջակցության տարածքային մարմնին։ Մինչ այդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները եւ սոցիալական տան հիմնադիրը կամ ղեկավարն այդ իրավունքի մասին պետք է իրազեկեն շահառուներին։
Կոմունալների վճարը կառավարությունը թոշակառուներին փոխանցելու է ամբողջ տարվա համար միանվագ՝ այդ իրավունքի ծագման ամսից, մինչեւ դեկտեմբեր ամիսը ներառյալ։ 2020 թ. դեպքում այլ կարգ է գործելու, ըստ որի, որոշումն ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում թոշակառուի դիմելու դեպքում, գործադիրը հետին ուժով կֆինանսավորի այս տարվա հունվարի 1-ից վճարած կոմունալ ծառայությունների ծախսերը։
Նախատեսված ծրագիրը հերթականն է, որն ուղղվում է առավել խոցելի սոցիալական խմբերի խնդիրների լուծմանը։ Այն էական քայլ է մեր տարեցների արժանապատիվ ծերությունն ապահովելու ուղղությամբ։