Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե դեղատները գերշահույթ են ապահովում, քանի որ այնտեղ դիմակներն սկսում են 220-260 դրամից, ձեռնոցները` սեւը 100 դրամ է, իսկ այլ գույնի ձեռնոցները՝ 60-80 դրամ, մարտահրավեր նետեց Զոհրաբյանին:
«Եկեք ընդմիջմանն իրար հետ Չինաստանի շուկաններն ուսումնասիրենք, եթե դուք այնտեղ 0,33 ցենտից էժան դիմակ կգտնեք, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ Հայաստանում, տիկին Զոհրաբյանի ասած, գերշահույթ են ապահովում դեղատները: Ուսումնասիրել եմ ամբողջ չինական շուկան․ ամենաէժան դիմակը, որը կրում եք եւ որը, ի դեպ, անվճար ստացել եք, դրա ինքնարժեքը մտնելուց 0,33 ցենտ է, որը մոտավորապես 150-160 դրամ է»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Նա նաեւ անդրադարձավ տեղաշարժման թերթիկը չլրացնելու՝ Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին: «Տիկին Զոհրաբյան, անկեղծ ասած, մի քիչ չեմ հավատում տատիկի պատմությանը, չեմ ասում, որ դուք եք խաբում, բայց երկու պատճառով չեմ հավատում: Որովհետեւ մարդն իր տան դիմաց գնալու համար տեղաշարժման թերթիկ պարտավոր չէր լրացնել: Ավելին ասեմ, գյուղատնտեսական արտադրության ապրանքի վաճառքը, որքանով հիշում եմ, երբեւէ արգելված չի եղել, խնդրում եմ, տատիկի հեռախոսահամարը տվեք, ես կապվեմ իր հետ, տեսնեմ, տատիկը ոնց կարար կանաչի ծախելու համար տուգանվեր, եթե այդ գործունեության տեսակը արգելված չի եղել»,-ասաց նա:
Սիսակ Բագրիելյանը նաեւ նկատեց, որ մինչեւ այս տարվա վերջ դիմակներ ներկրելու դեպքում մաքսատուրքը զրո է. «Այսինքն պետությունն իր քայլը արել է, որի արդյունքում դիմակների գինն այսօպր ոչ թե 300 դրամից ավելի է, այլ 200-250 դրամի սահմաններում»: