Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում գիշերը բռնկված հրդեհից մահացած 2 բնակիչները եղել են հարս ու սկեսուր։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։
«Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում կառուցված փայտյա տնակում, որոնք կոչվում են «ֆինն-տնակներ»»,- ասաց վարչական ղեկավարը։
Ըստ Մելս Մանուկյանի՝ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01։00-ի սահմաններում։ Առաջինը ծուխը նկատել ու ահազանգել են հարևանները, իսկ տան բնակիչները չեն հասցրել տնից դուրս փախչել։
«Տատիկը մինչև վերջին պահը օգնություն էր կանչում, ձայնը լսվում էր, բայց տնակին մոտենալ հնարավոր չէր, օգնել չկարողացանք, իսկ հարսը երևի ծխահարվել էր հենց սկզբից, օգնություն չէր կանչում։ Երկուսի մարմիններն էլ գրեթե ամբողջությամբ այրվել են։
Տատիկի տեղը մոտավոր գիտեինք, հրշեջները ժամը 3-ի սահմաններում մարմինը գտան, իսկ հարսի մարմինը՝ լուսադեմին՝ ժամը 06։00-ի սահմաններում։ Հենց անկողնում էր մնացել։ Հրշեջներն ահռելի աշխատանք կատարեցին, ամբողջ տնակի տարածքը բահերով փորեցին, որ գտնեն մարմինները»,-պատմեց Մելս Մանուկյանը։