Արդյոք սեփական մեքենայում դիմակ կրելը պարտադի՞ր է

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը՝ հատուկ ռեժիմով: ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով և ձեռնոցներով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը: Այս ֆոնին քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել։

ArmDaily.am-ի խմբագրությունը ևս ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնց հետաքրքրում էր,թե արդյոք պե՞տք է դիմակ կրել, երբ սեփական մեքենայի մեջ գտնվում են նույն ընտանիքի անդամներ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ տվյալ դեպքում մեքենայում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց ցանկալի է։

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը, իսկ բաց տարածքներում՝ պետք է քաղաքացիները իրենց մոտ դիմակ ունենան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ