Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է, հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն առաջին փուլում դրական արդյունքներ են գրանցել:
Փորձարկումների 18-55 տարեկան մասնակիցները ստացել են պատվաստանյութի 3 տարբեր դեղաչափ՝ 25, 100 և 250 միկրոգրամ: Բոլոր կամավորների մոտ պատվաստանյութը հակամարմիններ է առաջացրել: Այդ հակամարմինների քանակությունն արյան մեջ եղել է նույնքան, որքան կորոնավիրուսից բուժված պացիենտների մոտ:
Moderna ընկերության կողմից մշակվող պատվաստանյութը, որը ստացել է mRNA-1273 անվանումը, ապահով է եղել և հիմնականում լավ է ընդունվել օրգանիզմի կողմից:
Առաջին փուլի այս միջանկյալ տվյալների հիման վրա երկրորդ փուլում Moderna-ն փորձարկումները կշարունակի 50 և 100 միկրոգրամ դեղաչափերով՝ ճշգրիտ դեղաչափը գտնելու համար:
Ընկերությունն, ամենայն հավանականությամբ, փորձարկման երրորդ փուլին կանցնի հուլիսին: