Վանաձորում երթուղայինի վարորդն իրեն ուղևորներից բաժանել է պոլիէթիլենային թաղանթով, որի վրա անցք է բացված

Վանաձորում առավոտյան ժամը 8-ից ոստիկանության Բազումի եւ Տարոնի բաժինների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ստուգելով երթուղային տրանսպորտում պարետի որոշման կանոնների պահպանումը:

Ոստիկանները կանգառներում մոտեցել են երթուղայինների վարորդներին, սստուգել՝ արդյոք վարորդները կրո՞ւմ են անհատական պաշտպանիչ միջոցներ (ձեռնոցներ, դիմակ), ինչպես նաեւ՝ սահմանվածից ավելի ուղեւորներ չտեղափոխելու հանգամանքը:

Վանաձորի երթուղային գազելների վրա փակցված է «Երթուղայինից օգտվել միայն դիմակներով» գրություն, մեքենաներում ձեռքերն ախտահանելու համար տեղադրված են եղել ալկոհոլային հիմքով հեղուկներ, բոլոր վարորդները կրել են դիմակ ու ձեռնոց:

Թիվ 12 երթուղու վարորդն էլ երթուղային գազելի իր հատվածը ուղեւորների հատվածից բաժանել էր պոլիէթիլենային թաղանթով, իսկ գումարը վերցնելու համար՝ փոքր անցք բացել՝ այդ կերպ փորձելով ինչ-որ կերպ ապահովագրել իրեն: Ի դեպ, նույն այդ երթուղայինի վարորդը իր կողքի դուռը փակել էր կպչուն ժապավենով՝ չթույլատրելով, որ ուղեւորները զբաղեցնեն այդ նստատեղերը:

Անհատ տաքսու վարորդներից մեկն էլ պարզապես մեքենայից հանել էր իր կողքի նստատեղը: Մեզ հետ զրույցում ասաց՝ չկա նստատեղ, չկա վարորդի կողքին նստող ուղեւոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ