ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։
Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ – ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ֆեյսբուքյան էջից:
Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։
Հավելենք՝ դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ մերժեց մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ի դատական նիստում ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ էին ներկայացրել:
Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկա չէր դատական նիստին. երեկ նա վիրահատության է ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ռ. Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը կարծիք է հայտնել, որ իրենք վերաքննիչ դատարանում կբողոքարկեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այսօրվա որոշումը: «Հետագա իրավական այլ գործողությունների մասին կտեղեկացնենք»,- ասել է նա: