Թոնրի մոտ ամուսնանում էին, երեխա  կնքում, և նույնիսկ  բուժվում․ Ինչ խորհուրդ ունի թոնիրը հայերիս համար

Գետնափոր, կավե որպես ջեռոց, ջերմամշակման գործիք հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Այն, ինչ պատրաստվում է կճուճեղենում ու գետնափոր թոնրում, հայկական ծգաում ունի, իսկ գետնափոր թոնիր ունեցել են միայն հայերը:

Եվ պատահական չէ, որ թոնրում եփվող հայոց կերակրատեսակների առանձնահատուկ համի գաղտնիքը թաքնված է այնտեղ, որտեղ պատրաստվում է կերակուրը:Թոնիրը տարբեր ազգեր են փոխառել հայերից և կիրառում են, սակայն դրա ծիսական նշանակությանը տեղյակ են  միայն  հայերը:Հայերը թոնիր օգտագործել են դեռևս հազարամյակներ առաջ: Արևապաշտության շրջանում թոնիրը համարվել է արևի խորհրդանիշը երկրի վրա: Հեթանոս հայերը թոնիրը նմանեցրել են գետին մտնող՝ մայր մտնող արևի հետ, և հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որընշանակել է նաև խոնարհում աստվածության առջև:

Ավանդական թոնիրը հսկայական բուժիչ ազդեցություն ունի: Այն հնում գտնվել է տան կենտրոնում, որը խորհրդանշում էր արեգակի ջերմության մշտական ապահովումը օջախում: Թոնրի վրա դնում էին «քուրսին»’, ծածկում  կարպետով, և ցուրտ ժամանակ ոտները դնում էին քուրսու տակ:
Թոնիրն ունեցել է նաև մանրեազերծ ազդեցություն, քանի որ որպես վառելիք օգտագործվել է կովի թրիքը՝ ցանը, որն էլ դեռ հնագույն ժամանակներից հայտնի է բուժական հատկություններով:

Թոնիրը նախկինում ոչ միայն հայկական խոհարարության, այլև կենցաղում կարևոր նշանակություն է ունեցել: Ավանդապահ ընտանիքներում թոնիրը միշտ նույնացվել է օջախի հետ: Գաղտնիք չէ, որ հնում հայ գերդաստանը ապրել է մի հարկի ներքո, որի մեծ սենյակի կենտրոնում, որպես կանոն, եղել է թոնիրը` հայ ընտանիքի հիմքը, օջախը, որտեղ ոչ միայն հաց էին թխում և կերակուր պատրաստում, այլև նրա շուրջը բարի, հին ժամանակներում ընթացել է հայկական ընտանիքի կյանքը:

Թոնրի մոտ ամուսնանում էին, երեխա  կնքում, և նույնիսկ  բուժվում: Նրա շուրջն էին հավաքվում ընտանիքի անդամները` թե ճաշի ժամին, թե  հավաքույթների և թե հանգստի ժամանակ:Չնայած ժամանակի ընթացքում փոխվել են կենցաղավարության, ապրելակերպի կանոնները, բայց թոնրի մեջ լավաշ, հաց, գաթա թխելու և բազմաթիվ կերակուրներ  պատրաստելու  սովորույթը անխախտ է մնացել:

Թոնրի ծուխը շարունակում է մնալ հայկական օջախի, միասնության, ամրության և խաղաղության խորհրդանիշը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ